Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Ազգանվան «յան» վերջավորությունը ոչ մի կապ չունի հայության, Հայաստանի հետ

Ազգանվան «յան» վերջավորությունը  ոչ մի կապ չունի հայության, Հայաստանի հետ
22.01.2013 | 12:15

Քրեական հեղինակություն Ասլան ՈՒսոյանի սպանությունը Ռուսաստանում առաջ բերեց որոշ… հակահայկական կրքեր` էլի այդ հայերը… Դե, բոլորին չես իրազեկի, որ այստեղ ազգանվան «յան» վերջավորությունը ոչ մի կապ չունի հայության, Հայաստանի հետ, որ այդ մարդը զտարյուն եզդի էր և քրեական «կարիերան» սկսել է իր ծննդավայր Թբիլիսիում: ՈՒրիշ հարց է, որ նրա «փոթորկալից» կյանքի էջերում անպակաս են հայ քրեականների, ինչպես կողմնակից, այնպես էլ հակառակորդ, անունները: Եվ հետո, նրան գնդակահարել էին Մոսկվայի ճանաչված հայկական «Ստարի ֆայտոն» ռեստորանում, որը, ասում են` պատկանել է հենց իրեն` ՈՒսոյանին: Գրեթե ամեն օր նա այստեղ վայելել է հայկական ճաշատեսակներ, կազմակերպել «ընդունելություններ»: Ի դեպ, քրեագետներն այն կարծիքին են, որ նա ճաշելու իր կայուն «գրաֆիկով» հեշտացրել է մարդասպանի գործը: Հավաստում են, որ առավել զգուշավոր իտալացի մաֆիոզիները, օրինակ, իրար հետևից նույն տեղում չեն ճաշում:
Ես չգիտեմ` ինչ արձագանք կգտներ Ռուսաստանում, ասենք, որևէ բարձրաստիճան չինովնիկի սպանությունը: Բայց ահա տիտղոսակիր օրենքով գողի վերացման իրադարձությունը ալեկոծեց երկրի ողջ լրատվական տարածքը: Մանրազնին մեկնաբանվեցին ՈՒսոյանի սպանության դրվագները, պեղվեցին նրա հանցառատ կյանքի ակունքները, ինքնահաստատման փուլերը, մասշտաբայնությունը, կապերը, նրա մահից հետո քրեական աշխարհի վերաբաժանման հեռանկարները և այլն, և այլն: Որ քրեական իմաստով Դեդ Հասանը (ինչքան լիրիկական է հնչում այն հայերեն` Հասան պապիկը), իրոք, լեգենդար անձնավորություն էր, ամենաազդեցիկ պարագլուխը Ռուսաստանի հանցավոր աշխարհում, անկասկած է:
-Ներկայիս օրենքով գողերն արդեն ընդհանուր ոչինչ չունեն խորհրդային տարիների «գործընկերների» հետ, թեև արմատներն այնտեղ են թաղված,- ասում է ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Գառնիկ Ոսկանյանը, որը երկար տարիներ աշխատել է ՌԴ ՆԳՆ համակարգում և Մոսկվայում ղեկավարել է հենց կազմակերպված (էթնիկական) հանցավորության դեմ պայքարի տարբեր ստորաբաժանումներ: -Խորհրդային օրենքով գողերին սրանց համեմատ կարելի է բոմժեր համարել: Նրանք գործում էին որոշակի քրեական հասկացությունների շրջանակում` նա չպիտի ունենա ընտանիք, երեխաներ, շքեղ տներ, չպիտի աշխատի, չպիտի լինի պասիվ հոմոսեքսուալիստ և այլն: Ներկայիս օրենքով գողերը լրիվ «գաղափարազուրկ» են և, այսպես ասած, ավանդական հանցագործությունների հետ մեկտեղ (թմրանյութեր, խաղատներ, առևանգումներ, սպանություններ, շանտաժ և այլն) արդեն 90-ականներից լայնորեն թափանցել են պետական կառույցներ, էկոնոմիկա, բանկային գործ, մտել են ապրանքափողային հարաբերությունների մեջ: Շատերը «պատկառելի» բիզնեսմեններ են, շռայլ բարերարներ և նույնիսկ հասարակական գործիչներ:
Մոսկովյան մամուլը կոնկրետացնում է Ոսկանյանի ասածը: «Դեդ Հասանին ենթակա բիզնես-կառույցները,- գրում է ռուսական թերթերից մեկը,- խոշոր հողատարածքներ ու թանկարժեք անշարժ գույք են տնօրինում Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Եվրոպայում և ԱՄՆ-ում: Նրա ֆիրմաները զբաղված են օլիմպիական օբյեկտների, խոշոր առևտրակենտրոնների, ավտոճանապարհների շինարարությամբ, ոգելից խմիչքների, սննդամթերքների արտադրությամբ: ՈՒսոյանի բարեկամները միաժամանակ մեծ բաժնետերեր են սուպերմարկետների, ռեստորանների, ավտոբիզնեսի մեջ և այլն: Բնական է, որ յուրաքանչյուր ֆինանսական ակտիվի հետևում քրեական երկար հետք է ձգված` սպանություններ, կործանված ճակատագրեր, բռնի սեփականազրկումներ ու սնանկացումներ և այլն»:
Եթե ՈՒսոյանի սպանության մանրամասները շատերին կարող են հետաքրքրել տեխնիկական տեսանկյունից, ապա առավել լուրջ հրապարակումներում շեշտադրվում էր պետության ու հանցավոր աշխարհի փոխսերտաճման հանգամանքը: Որ Ռուսաստանը ծավալուն կոռուպցիոն պետություն է, գաղտնիք չէ ոչ մեկի համար: Բայց երբ ծանոթանում ես տվյալ դեպքում Դեդ Հասանի կլանի ազդեցության, հնարավորությունների վերաբերյալ նյութերին, պարզապես ապշում ես: Այս մարդու հետ հաշվի են նստել ոչ միայն, ասենք, ներքին գործերի համակարգում, այլև ՌԴ անվտանգության, թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունները: Որոշ քրեագետներ պնդում են, որ կյանքի վերջին շրջանում կենսաթոշակառու Դեդը բավականին անկախ է ապրել և կարող էր գրողի ծոցն ուղարկել ցանկացած գեներալի: Երկար ժամանակ նրա նյութական ապահովության ներքո են գտնվել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ ինչպես ներքին գործերի կենտրոնական ապարատում, այնպես էլ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի իրավապահ մարմիններում: Ավելին, ՈՒսոյանը պաշտոններ ու կոչումներ է գնել նրանցից շատերի համար: Անմասն չի մնացել նույնիսկ երկրի օրենսդիր մարմինը` Պետդուման. ՈՒսոյանը ֆինանսավորել է որոշ պատգամավորների նախընտրական քարոզարշավները, կազմակերպել է նրանց ճոխ հանգիստը արտասահմանում և այլն: Լրատվամիջոցներում հնչող այն ընդհանրացված (հռետորական) հարցը, թե հնարավո՞ր է Ռուսաստանում անել այն, ինչ իրականացրեց Սաակաշվիլին Վրաստանում, օրենքով գողերին ինչ-որ տեղ առանց դատուդատաստանի հայտարարելով օրենքից դուրս, տրվում է հոռետեսական պատասխան` հրեշավոր կոռուպցիայի պայմաններում դա հնարավոր չէ:
Պարզվում է, որ օրենքով գող ՈՒսոյանից հեռու չի եղել նույնիսկ մեծ քաղաքականությունը: Դեդը ակտիվորեն մասնակցել է վրաց-աբխազական հակամարտությանը` ֆինանսավորելով աբխազ աշխարհազորայիններին: Եվ երբ երկու տարի առաջ նա հերթական անգամ մահափորձի ենթարկվեց, ապա վերքերը բուժելու համար մեկնեց Սուխում, որտեղ տեղի ղեկավարությունը նրան հարազատի պես ընդունեց: Երևի այս հանգամանքն էլ է դեր խաղացել, որ վրաց իշխանությունները մերժեն ՈՒսոյանին հայրենի Թբիլիսիում թաղելու նրա հարազատների խնդրանքը:
ՈՒսոյանի սպանության և առհասարակ նրա վերաբերյալ բոլոր մեկնաբանություններում կամա թե ակամա ուշադրություն է գրավում մի պարագա. Ռուսաստանի հանցավոր աշխարհի պարագլուխների մեջ գերազանցապես հիշատակվում են կովկասցիները` վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ, չեչեններ, դաղստանցիներ և այլք: Նույնիսկ հանրահայտ սլավոն Յապոնչիկի անունը հնչում է որպես էկզոտիկա: Դեդ Հասանի հավանական գահաժառանգների մեջ էլ հիմնականում նշվում են կովկասյան ազգանուններ, այդ թվում` հայերի:
Ի դեպ, հայերի մասին: ՈՒսոյանի երդվյալ թշնամիներն են եղել նույնքան հայտնի օրենքով գողեր Օհանով եղբայրները, որոնք հանդգնել են մահափորձ կատարել Դեդի դեմ, բայց դրա դիմաց վճարել են սեփական կյանքով:
Եվս մի մանրամասն: «Ռուսաստանյան մաֆիայի կնքահոր» մահարձանը «կկերտի» նովոսիբիրսկցի քանդակագործ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ Արամ Գրիգորյանը: Բայց մի շտապեք: Վերջինիս ասելով, ինքը ևս եզդի է:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 3915

Մեկնաբանություններ